Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Վերացնել իմունականխարգելման խնդիրները

ՀՀ ԱՆ. Վերացնել իմունականխարգելման խնդիրները

Եվրոպական տարածաշրջանում 2004 թվականից իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը` իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով: Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 20-ին և կշարունակվի մինչև ապրիլի 25-ը:

 

 Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության ուղերձն է. «Վերացնել իմունականխարգելման խնդիրները», նպատակը` պատվաստանյութերի օգնությամբ հիվանդություններից պաշտպանել բոլոր տարիքի անձանց:

Ակնհայտ է, որ իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից է, երբ փոքր ներդրումներով մեծ արդյունքներ են ապահովվում։

 

2015 թվականի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ը նոր ազդակ կհաղորդի և կակտիվացնի բնակչության իրազեկմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն պատվաստումների պահանջարկի բարձրացմանը, ինչպես նաև պատվաստումների իրականացման արդյունավետությանը:

 

 Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ՝ մինչև դրանց վերացումը։ Արդյունքում` աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազել է ինչպես կառավարելի (պատվաստումներով հսկվող) հիվանդությունների մակարդակը, այնպես էլ՝ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` յուրաքանչյուր տարի պատվաստումների շնորհիվ աշխարհում 2-3 մլն կյանք է փրկվում:

 

 Իմունականխարգելման նվաճումները հանրությանը կարծես թե հանգստացրել են և ձևավորել կարծիք, որ այժմ հազվադեպ հանդիպող վարակների դեմ այլևս պատվաստվելու անհրաժեշտություն չկա: Այս վերավերմունքը բավական վտանգավոր է և կարող է հանգեցնել այդ ծանր վարակիչ հիվանդությունների բռնկումների։

 

1995 թվականից Հայաստանի Հանրապետությունում այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ, որն իրականություն է դարձել պատվաստումների շնորհիվ: 2002 թվականից Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի այլ երկրների, համարվում է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և մինչ օրս հաջողությամբ պահպանում է այս կարգավիճակը: 1994-1995 թվականներին հանրապետությունում իրականացված դիֆթերիայի դեմ զանգվածային պատվաստումների շնորհիվ կայունացել է համաճարակային իրավիճակը դիֆթերիայի առումով և վերջին 15 տարվա ընթացքում չեն աձանագրվել դիֆթերիայի դեպքեր:

 

Հայաստանում 2007 թվականին կարմրուկի, կարմրախտի դեմ իրականացված զանգվածային պատվաստումներից հետո չեն արձանագրվում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր, այն դեպքում, երբ աշխարհի մի շարք երկրներում (ԱՄՆ, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Վրաստան, Ղազախստան և այլն) կարմրուկը և կարմրախտը լուրջ խնդիր են:

Մանկական մահացության շարունակական նվազմանը նպաստել են վերջին տարիներին հանրապետությունում ներդրված ռոտավիրուսային և հեմոֆիլուսային Բ բաղադրիչով հնգավալենտ պատվաստումները: Ռոտավիրուսային պատվաստումների ներդրումից հետո բոլոր տարիքային խմբերում դիտվել է հոսպիտալացման մակարդակի կտրուկ նվազում՝ մոտ չորս անգամ, հատկապես պատվաստման ենթակա մինչև 1 տարեկան երեխաների խմբում:

 

Հնգավալենտ պատվաստումների շնորհիվ` հանրապետությունում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մոտ 4 անգամ նվազել է մենինգիտներով հիվանդացությունը, Պնևմակոկային վարակների կանխարգելման և վերահսկման նպատակով 2014 թվականի սեպտեմբերից Պատվաստումների ազգային օրացույցում ներդրվել են պնևմակոկային պատվաստումները, որն իր հերթին նպաստելու է մանկական մահացության և հաշմանդամության շարունակական իջեցմանը:

 

Թե´ պետության և թե´ միջազգային կազմակերպությունների կողմից գնված բոլոր պատվաստանյութերն ունեն ԱՀԿ-ի կողմից նախաորակավորում՝ որակի սահմանված չափորոշիչներին համապատասխան արտոնագրեր:

 

 Այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները ներկրվող որակյալ պատվաստանյութերը պատշաճ պահպանելու և տեղափոխելու համար: Հանրապետության տարածքում պատվաստանյութերի տեղափոխումն իրականացվում է սառնարան-մեքենայով և սառնարան-պայուսակներով` 24-ից մինչև 48 ժամ պահպանելով անհրաժեշտ 2°-8° ջերմաստիճանը, իսկ պատվաստում կատարող բոլոր ծննդատներն ու ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններն ապահովված են պատվաստանյութերի պահպանման հատուկ սառնարաններով:

Մի մոռացե´ք ժամանակին այցելել Ձեր տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա: Ժամանակին արված պատվաստումը կկանխի վարակիչ հիվանդություններով հիվանդացումը` առաջացնելով կայուն պաշտպանություն:

 

Հիշե´ք, պատվաստումը վարակիչ հիվանդություններից ապահով պաշտպանության միակ միջոցն է:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ